Հայ փոքրամասնության ամսագիր
MUNETIK Nr 1/2026
Հարգելի՛ ընթերցողներ,
Բարի գալուստ մեր 2026 թվականի առաջին հրատարակությանը։
Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր պարբերականը եռամսյակայինից վերափոխվել է երկամսյա հրատարակության։ Այսուհետ, նախկինում տարեկան լույս տեսնող չորս համարի փոխարեն, մենք կհրատարակենք վեց համար։
«Մունետիկ» պարբերականի 2026 թվականի առաջին համարը (թիվ 13) ամփոփում է 2025 թվականի դեկտեմբերին և 2026 թվականի հունվարին Լեհաստանի հայ համայնքի կյանքում տեղի ունեցած կարևոր մշակութային, գիտական, հասարակական և կրոնական իրադարձությունները։
Այս համարում ընթերցողները կարող են ծանոթանալ դոկտոր Անջեյ Գլինսկու՝ Գրեգորժ Պիրամովիչի անվան ինստիտուտի նախագահի, «Լվովի հայերը և թագադրությունները XVII դարի երկրորդ կեսին» վերնագրով հոդվածին, որը ներկայացնում է հետաքրքիր և արժեքավոր նյութեր լեհ թագավորների թագադրությունների արարողություններին մասնակցած հայկական պատվիրակությունների մասին։
Համարում ընդգրկված է նաև Տեր Աթանաս Սարգսյանի «Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան» հոդվածը, որը բացահայտում է Մեծ Պահքի հոգևոր խորհուրդը՝ հիմնված Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք, Ամենապատիվ Տեր Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի համանուն աշխատության վրա։
Ուրախությամբ արձանագրում ենք, որ վերջին ժամանակահատվածում մեր պարբերականը շարունակել է իր զարգացումը՝ ընդլայնելով ընթերցողների շրջանակը և ամրապնդելով համագործակցությունը Հայաստանի, Լեհաստանի և այլ երկրների գիտամշակութային հաստատությունների և անհատների հետ։
Մաղթում ենք հաճելի ընթերցում։
Հրաչյա Բոյաջյան
Խմբագրական խորհրդի նախագահ