Հայ փոքրամասնության ամսագիր
MUNETIK 12-4/2025
Սիրելի՛ ընթերցողներ,
Ձեր ընթերցանությանն ենք ներկայացնում «Մունետիկ» պարբերականի 12-
րդ համարը, որն ամփոփում է 2025 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր
ամիսներին Լեհահայոց կյանքում տեղի ունեցած նշանակալի մշակութային,
գիտական, հասարակական և կրոնական իրադարձությունները։
Պարբերականի այս համարը նվիրված է մեծավաստակ հայագետ Անջեյ
Պիսովիչի ծննդյան 85-ամյակին և բացվում է դոկտոր Թոմաշ Քժիշովսկու կողմից
վերջինիս հետ անցկացված «Հայաստանի և հայոց լեզվի մասին» խորագիրը կրող
հարցազրույցով։
Այս համարում տեղ է գտել նաև մեծանուն Կոմիտաս վարդապետի մահվան
90-րդ տարելիցին նվիրված հոդվածը։ Այն ներկայացված է «Թող ողջ մնա իմ
ժողովուրդը… ես նրա սրտում երբեք չեմ մրսի» վերտառությամբ և պատմում է
Կոմիտասի կյանքի վերջին շրջանի հոգեցունց ապրումների, իր ազգին
անմնացորդ նվիրումի մասին։
Ընթերցանության է ներկայացված նաև «Մխիթար Գոշ — անուն, որը
պարտավորեցնում է» վերնագրով հոդվածը, որը պատրաստվել է Պոզնանում
հիմնադրված Մխիթար Գոշի անվան Հայագիտական կենտրոնի բացման առիթով։
Սիրելի՛ ընթերցողներ, ցանկանում ենք մեր երախտիքի և գնահատանքի
խոսքերն ուղղել ձեզ՝ անցնող՝ 2025 թվականի ընթացքում մեր
հրատարակումներն ընթերցելու և մեզ ուղղված ջերմ խոսքերի համար։
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ անցնող տարվա ընթացքում
հնարավոր դարձավ ընդլայնել մեր լսարանը և համագործակցության հուշագրեր
ստորագրել Հայաստանում և Լեհաստանում գործող մի շարք կարևոր
գիտամշակութային հաստատությունների և անհատների հետ։
Մաղթում ենք, որ գալիք տարին իր հետ բերի խաղաղություն,
բարգավաճում, նորանոր ձեռքբերումներ հայ և լեհ բարեկամ ժողովուրդներին և
ամբողջ աշխարհին։
Բարի ընթերցանություն։
ՀՐԱՉՅԱ ԲՈՅԱՋՅԱՆ
Խմբագրական խորհրդի նախագահ